Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանին
Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան առողջություն, հաջողություն և ամենայն բարիք:
2021թ. հոկտեմբերին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկման ժամանակ Արմեն Սարգսյանը Նուբար Աֆեյանի հետ զրույցում նշել էր, որ նա փայլուն օրինակ է, թե ինչպես կարող է հայկական միտքը լինել նորարար: Նրանք համոզմունք էին հայտնել, որ առկա խնդիրները լուծելու համար պետք է շատ աշխատել, աշխատել նաև վաղվա օրվա համար, զարգացնել տարբեր ուղղություններ, կենտրոնանալ ապագայի վրա: Իսկ այդ ամենն առաջ մղողը հավատն է: Նուբար Աֆեյանի խոսքով՝ «Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է, իսկ հավատը հիմնված է այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վիճակում: Առանց հավատի դժվար է առաջընթաց ունենալ...»: