Զրահապատ մեքենաներ և ուղղաթիռներ. Փարիզը պատրաստվում է ֆերմերների շրջափակմանը
ԼուսանկարներՖրանսիական կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆերմերները հայտարարել են Փարիզի «պաշարման» սկիզբը՝ կոչ անելով շրջափակել քաղաք տանող գլխավոր մայրուղիները, ինչպես նաև սննդի ամենամեծ շուկան։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն արձագանքել է՝ ուժեղացնելով անվտանգության միջոցառումները և ներգրավել է 15 հազար ոստիկանների, զրահատեխնիկա ու ուղղաթիռներ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը հայտարարել են, որ մտադիր են Փարիզի ամբողջական շրջափակում կազմակերպել՝ մայրաքաղաքին ապրանքների մատակարարումը կանխելու համար։ Ակցիան պետք է սկսվի երկուշաբթի երեկոյան և կտևի առնվազն հինգ օր:
Ակտիվիստները մտադիր են փակել մայրաքաղաք տանող բոլոր ութ մայրուղիները՝ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք նաև նախատեսում են կազմակերպել փարիզյան երկու առանցքային օդանավակայանների՝ Ռուասի-Շառլ դը Գոլի և Օրլիի «պաշարում»։
Սրան ի պատասխան ՆԳՆ-ն, որը նախկինում հայտարարել էր, որ չի ցրելու մայրուղիները փակող և պրեֆեկտուրաները աղբով ողողող ֆերմերներին, քանի որ նրանք օրինական կերպով իրենց պահանջներն են արտահայտում, կառուցել է պաշտպանության մի ամբողջ գիծ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ-դե-Ֆրանս շրջանում ավելի քան 15 հազար ոստիկան է տեղակայվել։ Ֆրանսիական ժանդարմերիան զրահամեքենաներ է մոտեցրել շուկային, որը բողոքող ֆերմերները մտադիր են արգելափակել։
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը, «Ռունգիսի շուկայի, օդանավակայանների, Փարիզի և խոշոր քաղաքների գրավումը «կարմիր գծեր» են, ուստի ոստիկանությունը պետք է ապահովի, որ տրակտորները չմտնեն մեծ քաղաքներ և «Փարիզում տրակտորներ չլինեն»»։ Նա նշել է, որ ոստիկանությունը կօգտագործի զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներից կհետևի տրակտորների շարժին։
Այնուամենայնիվ, ֆերմերները վճռական են տրամադրված։ Նրանք վարչապետ Գաբրիել Աթտալի առաջարկած միջոցառումները համարել են անբավարար և անհամաչափ ֆերմերների բողոքի մասշտաբին։