Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 17 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներից մեկին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ռուսական համարանիշներով 07-ը, որը դեպի Սևան ընթանալիս բախվել է Volkswagen-ին, ապա ծառին: