Ալիևը և Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Սերգեյ Լավրովին և նախագահ Էրդողանի անունից ցավակցություն հայտնել Ռուսաստանի ժողովրդին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և անվերապահորեն դատապարտել արյունալի ահաբեկչությունը»,- նշել է Զախարովան։
Ցավակցություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես խստորեն դատապարտում եմ այդ ահաբեկչական գործողությունը, Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից համբերություն եմ մաղթում Ձեզ, Ռուսաստանի ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։