Մեծ Բրիտանիան ի վերջո կկործանի Եվրամիությունը. The Guardian
Համաշխարհային ՄամուլԵվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, թե Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն այնպիսի քաղաքականություն է վարում, որն աշխարհի այլ գերտերություններին թշնամաբար է տրամադրում Եվրամիության դեմ, ինչը կարող է հանգեցնել ԵՄ-ի տապալմանը:
«Եթե ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն սկսի առկա քաղաքական ուղղություններից ընտրել այն, ինչն իրեն առավել շատ է դուր գալիս, և հրաժարվի նրանից, ինչն իրեն դուր չի գալիս, ապա Միությունն ընդհանուր առմամբ, իսկ շուկան՝ մասնավորապես, շուտով կկործանվի»,-ասել է նա Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ռոմպեյը նաև հավելել է, որ ԵՄ անդամ ցանկացած պետություն կարող է ունենալ և ունի իր պահանջներն ու խնդրանքները, որոնք միշտ հաշվի են առնվում: «Ես չէի ցանկանա, որ ԵՄ անդամ որևէ պետություն սասաներ մեր եվրոպական համագործակցության հիմնարար դրույթները»:
Ինչպես հայտնի է դարձել, Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը ԵՄ-ի նկատմամբ քննադատաբար տրամադրված պահպանողականների ճնշման տակ հայտարարել էր ԵՄ-ից դուրս գալու համար համազգային հանրաքվե անցկացնելու որոշման մասին, եթե ԵՄ-ն չվերանայի Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանները: