Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը
Գագիկ Շամշյանը հայտնում էՈստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում' թիվ 39 էլեկտրասյան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը' 53-ամյա Անուշ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Ա. Գասպարյանը բնակվում էր Նոր Արեշ 19 փողոցում և աշխատում էր «Կովկաս» պանդոկում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարողին և նրա ավտոմեքենան: