Հռոմի Պապի առաջին սերը խոստովանում է. նա հոգևորական դարձավ իմ պատճառով
Աշխարհ
Քանի դեռ նորընտիր Հռոմի Պապը պատրաստվում է Հռոմում իր երդմնակալության արարողությանը, լրագրողները նոր բացահայտումներ են անում նրա անցյալից: Նրանք գտել են Հռոմի Պապի առաջին սիրուն, ով խոստովանել է, որ չի հավատում, որ նա Հռոմի Պապ է դարձել. մեջբերում է Russia Today-ը:
1940-ականների վերջին Ամալյա Դիամոնտեն և ապագա Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինը խաղում էին Բուենոս Այրեսի փողոցներում: Այն ժամանակ ապագա Հռոմի Պապը 12 տարեկան էր:
«Նա ուշադրություն էր ցուցաբերում իմ նկատմամբ: Դա խաղաղ շրջան էր քաղաքում, որի բակերում մենք խաղում էինք մեր մանկության տարիներին»,-պատմում է Ամալյան՝ Հռոմի Պապի առաջին սերը: Խաղերը հանգեցրին նրան, որ Ֆրանցիկսը սիրահարվեց աղջկան և նամակ գրեց, որում հայտնում էր, որ մի օր կամուսնանա նրա հետ: Ապա պոնտիֆիկոսը նամակում հայտարարում է, որ եթե Ամալյան նրան «այո» չասի, ինքը կհեռանա աշխարհիկ կյանքից և կդառնա հոգևորական:
Ամալյա Դիամոնտեն մերժեց աղքատ ներգաղթյալների ընտանիքի զավակ հանդիսացող տղային, քանի որ աղջկա ծնողները դեմ էին: Դրանից կարճ ժամանակ անց երիտասարդների ճանապարհները բաժանվեցին: Ապագա Հռոմի Պապը մեկնեց ճեմարան՝ ուսանելու, իսկ Ամալյայի ընտանիքը տեղափոխվեց այդ թաղամասից:
Ամալյան տարիներ անց միայն վերադարձավ հայրենի թաղամաս, երբ ծնողներն արդեն մահացել էին: Այդ ժամանակ նա արդեն գիտեր, որ Ֆրանցիսկ-ը հոգևորական է դարձել, և նույնիսկ ցանկանում էր, որ հենց Ֆրանցիսկը լինի քահանան, որը կամուսնացնի իրեն, սակայն այդպես չեղավ:
2013թ. մարտի 13-ին, հեռուստատեսությամբ իմանալով, որ իր նախկին սիրեցյալը Հռոմի Պապ է դարձել, Ամալյան քիչ մնաց ուշագնաց լիներ: «Ես չեմ հավատում, որ Նա Հռոմի Պապ դարձավ»,-ասել է նա:
