Նյու Յորքի անվտանգության պահպանումը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի միջոցով
ԱՄՆԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Նյու Յորքի փողոցներում անվտանգության պահպանումը շուտով կսկսեն իրականացնել անօդաչու թռչող սարքերը: Այս մասին իր վստահությունն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
«Գնալով ավելի ու ավելի են շատանում տեսագրող խցիկները փողոցներում, իսկ անձնական տարածությունը փոքրանում է: Դա գործըթաց է, որն այլևս չես կանգնեցնի»,-հայտարարել է Բլումբերգը տեղական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք անօդաչու թռչող սարքերի միջոցով ապահովել քաղաքի անվտանգությունը:
«Անօդաչու թռչող սարքերն արտաքինից սարսափազդու են, սակայն տարբերություն չկա, թե փողոցում գտնվող շինությունը հսկում է տեսագրող խցիկը, թե օդում թռչող անօդաչու սարքը»,-նշել է քաղաքապետը:
Նրա գնահատականով՝ Նյու Յորքն առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջովին կհսկվի տեսագրող խցիկների կողմից. գրում է ИТАР-ТАСС-ը: