Ո՞վ է Սիլվա Համբարձումյանը և ի՞նչ համաձայնություն կա նրա և իշխանությունների միջև
ՎերլուծականԵրբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե շուտով կաշառքի գործով մի պատգամավոր է կալանավորվելու, շատերին սկսեց հետաքրքրել, թե ո՞վ է այդ մարդը: Շոշափվում է Արամ Հարությունյանի անունը, բայց ՀՔԾ-ն պնդում է, թե նման գործ չկա: Հարցերը բավական շատ են, բայց հստակ է միայն այն, որ պատգամավորի վրա գործ է հարուցվել, եթե, իհարկե, հարուցվել է, Սիլվա Համբարձումյանի տված ցուցմունքի կամ հաղորդման հիման վրա: Մամուլի համաձայն, խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին: Չմոռանանք, որ նույն այս կինը՝ Սիլվա Համբարձումյանը, եւս մեկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, որից հետո խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը կալանավորվել է:
Թերևս հարց է առաջանում, իսկ ո՞վ է միլիոնատեր այս կինը, ով փաստացի չի էլ թաքցնում, որ բազմամիլիոնանոց կաշառք է տվել նախկին իշխանության ներկայացուցիչներին, իսկ դա ՝ նույնպես քրեորեն պատժելի արարք է, որը սակայն Համբարձումյանի վրա չի տարածվում: Ինչո՞ւ: Համբարձումյանը ամիսներ առաջ ակտիվորեն պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, այսօր, սակայն, նա մոլի հեղափոխական է դարձել, իսկ եթե ոչ հեղափոխական, ապա անչափ դուխով՝ հաշվի առնելով ինչպիսի մեծ խանդավառությամբ է նա «փուռը տալիս» նախկին իշխանության ներկայացուցիչներին, ում, ըստ էության, ինքն էլ կաշառք է տվել: Իհարկե, Համբարձումյանը կարող է պնդել, որ կաշառք է տվել, որովհետև հին Հայաստանում այդպես էր ընդունված և խնդիրները միայն ու միայն այդ ճանապարհով էին լուծվում: Ինչ խոսք, դա այդպես է, սակայն Համբարձումյանի հետ այսօր համագործակցող նոր իշխանությունները յուրաքանչյուր օր պնդում են, թե երկրում իրավիճակ է փոխվել: Ինչպես կասեր դասականը՝ յա իրո՞ք..
Եթե Համբարձումյանը այսօր առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու շարունակում է իր անձնական վենդետան, ապա այստեղից կարելի է եզրակացնել, որ նոր իշխանությունները պարզապես չեն հաջողացրել գտնել այլ մարդկանց, ովքեր ցուցմունք կամ հաղորդում կներկայացնեին և ստիպված են յոլա գնալ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկի ցուցմունքներով: Եթե դա այդպես է, ապա Համբարձումյանը նաև երաշխիքներ է ստացել, որ այս սկանդալային գործերով ինքը կներգրավվի ընդամենը որպես տուժող կողմ, կամ էլ ընդհանրապես կմնա ստվերում՝ ստանալով ֆինանսական փոխհատուցում: Ինչպես ասում են՝ և գայլերը կուշտ կլինեն և գառները՝ ողջ…