Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը
ՎերլուծականՇարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի գործունեությանը: Վերջինիս կենսագրությունը բավական հարուստ է: 2000-2002թթ.՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական, 2002-2003թթ.՝ ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ, 2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում. 2003-2004 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ, 2004-2007 թթ.՝ Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար, 2007-2008 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար. 2007-2018 թթ.՝ դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում, 2008-2010 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող, 2010-2018 թթ.՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ, 2016-2018 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար, 2018թ. հոկտեմբերից՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2020թ․ հոկտեմբերից՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)։
Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Ներկայումս (2020) Նիդերլանդներում բնակվում է շուրջ 40000 հայ։ Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում, Նայմեխենում, Ուտրեխտում, Մաաստրիխտում և այլուր։ Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին՝ հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին և մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ։ Համայնք-դեսպանատուն համագործակցության շրջանակներում պետք է առանձնացնել հետևյալ իրադարձությունները: 2022-ի ապրիլի 29-ին, ՀՑԹԻ ցուցադրությունների փոքր սրահում տեղի ունեցավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ապրիլի 29-ին Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործավար-օգնական Արայիկ Միրզոյանի «Սեր և անուրջներ» գրքի շնորհանդեսը:
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Ապրիլի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելել էր Ամերսֆորտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Լուկաս Բոլսիուսի հետ։ Ապրիլի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կոչ (CDA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։ Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդերլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։
Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Բավական ակտիվ է գործում դեսպանատան ֆեյսբուքյան էջը, որտեղ բացի ԱԳՆ հայտարարությունների ռելիզներից՝ կարելի է հանդիպել նաև դեսպանի գործունեությունը լուսաբանող գրառումների: Բալայանն այն սակավաթիվ դեսպաններից է, ով այս ընթացքում հանդիպումների ընթացքում բարձրացրել է Լաչինի շրջափակման և դրա հնարավոր հետևանքների հարցը։
Տվյալ հարցը դեսպանը բարձրաձայնում է նաև տված հարցազրույցների ընթացքում: Վերջին հարցազրույցը Luxembourg Tims պարբերականին էր տրվել։
Պետք է փաստենք, որ դեսպանատուն-համայնք համագործակցությունը ակտիվ է, թեև հիմնականում կրում է արարողակարգային բնույթ, իսկ գործադիր իշխանության հետ կոմունիկացիայի ընթացքում դեսպանի կողմից պարբերաբար բարձրացվում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին գնահատականներ տալու անհրաժեշտության հարցը:
Շարունակելի...