Հաջորդը Մարությա՞նն է. քաղաքապետի գլխին մութ ամպեր են կուտակվում
ՎերլուծականՄամուլն այսօր գրել էր, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում: Ի դեպ, այս հիմնարկը ստեղծել է հենց Մարությանն` իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, սակայն, ինչպես երևում է, չհաջողվեց ստեղծել ավելի որակյալ աշխատող կառույց և ինչն էլ ավելի կարևոր է՝ կոռուպցիայից այդ կառույցը զերծ պահել: Սա առաջին արձանագրումն է, որը կարելի է անել մամուլի տարածած այս տեղեկությունից:
Մյուս կողմից ուշագրավ է, որ Հայկ Մարությանի դեմ իշխանությունների սկսած մեդիա արշավից հետո իրավապահներն սկսել են հետաքրքրվել նրա մտերիմներով: Սա իր հերթին նշանակում է, որ իշխանությունները մեսիջ են հղում անձամբ Մարությանին` հասկացնելով, որ ՔՊ-ի հետ լարվածության պահպանման և ՔՊ-ի ասեղը թելել հրաժարվելու դեպքում իրավապահների հաջորդ թիրախը կարող է լինել հենց ինքը` քաղաքապետը:
Ուշագրավ է, որ մամուլում այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են եղել քաղաքապետարանում տեղի ունեցող այս կամ այն ապօրինության մասին, սակայն իրավապահներին հետաքրքրել է հենց այս դեպքը, ինչն ինքին խոսուն է: