Ինչի՞ վրա է ծախսվել քաղաքացիների կողմից հատուկ հաշվեհամարին ուղարկված 1 մլրդ դրամը
ՎերլուծականCOVID-19 վարակի հաղթահարման գործում առողջապահական համակարգին աջակցելու նպատակով 2020 թվականի մարտի 17-ին Գանձապետարանում բացվեց հաշվեհամար` նախատեսված այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են պետությանն այս նպատակով գումար նվիրաբերել։
Սրան զուգահեռ՝ հատուկ ծրագիր սկսեց նաև Հայաստան համահայկական հիմնադրամը, որի շրջանակներում ևս բացվեց հատուկ հաշվեհամար։ Ծրագրի կարգախոսն է՝ «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը»։
Գանձապետարանում բացված հաշվում նախորդ տարվա հուլիսի 24-ի դրությամբ առկա է եղել 1 մլրդ 118 մլն դրամ (մոտ 2 մլն 330 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ գումարը հավաքվել է 4654 փոխանցումներից։
ՀՀ կառավարության որոշումներով՝ նշված գանձապետական հաշվից 1 մլրդ 35 մլն դրամ գումար հատկացվել է ՀՀ Առողջապահության նախարարությանը` ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար:
Ինչպես գիտենք` նախարարությունը պատշաճ կերպով ծանուցում է հանրությանը, թե համավարակի դեմ պայքարում ինչ ծախսեր են կատարվել և ինչի վրա են կատարվել այդ ծախսերը: Սակայն, այդ հաշվետվություններից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել քաղաքացիների, անհատների, բարերների կողմից հավաքված 1 միլիարդ դրամը: Սա չի նշանակում, որ նախարարությունը յուրացրել է տվյալ գումարը, սակայն, հետաքրքիր է, թե հատկապես այդ գումարը, որը հավաքվել է 4654 փոխանցումներից, ինչ նպատակի է ծառայել: Դիցուք՝ նախարարությունն իր հաշվետվության մեջ որպես ծախս ներառել էր նաև պարգևատրումները՝ պարգևատրում Քովիդ-19-ի շրջանակում տողի տակ: Շարքային քաղաքացին կարող է չէ՞ մտածել, որ հավաքված, հանգանակած գումարը գնացել է հենց այդ սուրբ գործին: Կարող է: Իսկ նման մտքերի ծագման համար պատասխանատու են առաջին հերթին հենց իշխանությունները, որոնք նոր չէ, որ պետք է ապացուցեն՝ ինչպես են հարկատուների գումարները ծախսում սեփական կարիքների բավարարման համար: Այս տեսանկյունից հանրության ավելի թափանցիկ և ընդգրկուն իրազեկումը կօգնի փակել առաջացող հարցերի բացը: