Կրկնակի հանճարեղ. Մարտիրոս Սարյանը` Արամ Խաչատրյանի մասին
Գիտություն և Մշակույթ
Ստորև ձեզ ենք ներկայացնում Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ» գրքից մի փոքրիկ հատված:
Պատահում էր, իհարկե, որ Վարպետ Սարյանի ներկայությամբ Արամ Խաչատրյանի անունը տալիս էին հանճար որակումով, կամ նույնը կարդում էր որևէ լրագրում: Եվ նա, գրեթե բոլոր դեպքերում ու շատ կտրուկ, միջամտում էր.
- Կրկնակի՛ հանճարեղ: Սովորել և ստեղծագործել սոցռեալիզմի բուն կենտրոնում, ճեղքել արյունարբու պետական հարկադրանքով պարտադրվող այդ ահռելի պատնեշը և հասնել այդպիսի՜ արդյունքի` անպայման կրկնակի հանճարեղ պետք է լինել:
Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, - մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշը և նրա հավերժության գրավականն է:
Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպերը:
Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի ..
Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը: Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում:
Նյութը՝ Ք. Ա.–ի