Միքայել Պողոսյան. «Այդ միջակությունները կարողանում են պրոպագանդել իրենց աղբը»
Հասարակություն
Այսօր ճանաչված, սիրված դերասան Միքայել Պողոսյանի ծննդյան օրն է: Դերասանը դարձավ 59 տարեկան:
«Հատկապես այս օրերին սկսում ես հասկանալ, որ դու ինչ-որ բանի արժանացել ես, ինչ-որ մի բանի պետք ես: Դա իհարկե գալիս է մարդկային վերաբերմունքից՝ նախ հեռախոսս է «պայթում», հետո կայքերն են «պայթում» շնորհավորանքներից: Իմաստավորվում է այն, ինչ երբեմն թվում է անիմաստ: Ինձ համար փողոցում անծանոթ մարդկանց ժպիտն է ամենամեծ նվերը»,-ArmStar.am-ի հետ զրույցը այսպես սկսեց Միքայել Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ որպես օրենք իրենց ընտանիքում ծննդյան օրը տոնում են, անակնկալ հյուրեր են գալիս: «Մեզ համար ավանդույթ է ընտանիքով, մտերիմների հետ միասին ծնունդը տոնելը»: ArmStar.am-ի այն հարցին, թե այսօր հոբելյարի քանի ամյակը լրացավ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Օ՜, ես մեծ տղա եմ այսօր դարձել: Արդեն 59 տարեկան եմ: ArmStar.am-ին Միքայելը պատմեց, որ ունի հիշվող ու օրիգինալ նվերներ: «Օրինակ Պարգև Սրբազանից միշտ այնպիսի նվերներ եմ ստացել իմ ծննդյան օրվա կապակցությամբ, որ շատ թանկարժեք են ինձ համար, լուսահոգի Աղասի Այվազյանից եմ մի քանի անգամ նվեր ստացել, որոնք ևս ինձ համար շատ թանկ են: Ամենամեծ նվերն ինձ համար իհարկե փոքրիկ աղջկաս գրված նկարչություն ու տեքստերն են, որոնք առավոտյան գտնում եմ իմ գլխավերևում կպցրած»,-ժպիտով նշեց Միքայելը և ավելացրեց. «Ես ավելի շատ նվիրել եմ սիրում, քան ստանալ: Նվիրելը իմ ամենամեծ թուլությունն է»:
ArmStar.am-ը, օգտվելով առիթից, մի քանի մասնագիտական հարց ուղղեց պարոն Պողոսյանին: Նախևառաջ մեզ հետաքրքրեց, թե ինչպես է նա վերաբերվում այսօր սնկի պես աճող երգիչներին, որոնց մեծամասնությունը հայկական մշակույթից բավական հեռու է ստեղծագործում: Պատասխանն այսպիսինն էր. «Որպես օրենք այդ միջակությունները շատ ավելի ակտիվ են ու կարողանում են պրոպագանդել իրենց այսպես ասած «աղբը»: Իսկ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին, պիտի ավելի ակտիվ ու հետևողական լինեն, կարողանան հակադրվել այդ միջակություններին: Դե ի՞նչ ասեմ, ամեն տեղ էլ այդ ախտը կա, այդ հիվանդությունը կա բոլոր զարգացող երկրներում: Յուրաքանչյուրս պիտի զգոն լինենք այս թեմայի շուրջ, այսինքն' չնայենք, չաջակցենք, երեխաներին էլ արգելենք հետևել նրանց»,-կոչ արեց զրուցակիցս:
ArmStar.am-ը հետաքրքրվեց նաև, թե ինչ պլաններ ունի պարոն Պողոսյանը մոտ ապագայում. “Հիմա նոր ֆիլմ ենք նախաձեռնում: Մի խաղարկային կատակերգություն, որում օգտագործված են հայկական ժողովրդական երգեր: Այժմ ֆիլմի համար փնտրում եմ գումարներ, մարդիկ, ում հետ պիտի աշխատեմ: Սա կլինի Կինոկենտրոնի և Արմենիա հեռուստաընկերության համատեղ նախագիծը»,- ArmStar.am-ին պատմեց Միքայել Պողոսյանը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը/ArmStar.am/