ԱՄՆ-ն Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված թուրը
Մերձավոր ԱրևելքՎաշինգտոնը Իրաքի իշխանություններին է վերադարձրել իրաք-ամերիկյան պատերազմի ընթացքում երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի աշխատասենյակից գողացված թուրը. ասված է ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանության պաշտոնական կայքում: Թուրը հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Վաշինգտոնում Իրաքի դեսպանատանը:
Թուրը հայտնաբերվել էր ԱՄՆ-ում 2012թ. հունվարին Մանչեսթրում կազմակերպված աճուրդի ժամանակ: Amoskeag ընկերությունը չէր հասցրել աճուրդի ժամանակ վաճառել այն 15 հազար դոլարով: Աճուրդ կազմակերպող ընկերությունից բացատրել էին, որ իրենք թուրը գնել էին 2011-ին ամերիկացի ռազմական պատմաբանից:
ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունից պարզաբանել են, որ թուրը իրականում ԱՄՆ էր բերվել ապօրինի ճանապարհով: Այն չի կարող համարվել ռազմական ավար, քանի որ կիրառելի չէ պատերազմի մեջ:
Թուրը նվիրվել էր Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնին: Այն ունի 1,1 մետր երկարություն, իսկ ոսկյա կոթը փորագրված է արաբերեն զարդանաշխերով: