ANCA–ն դատապարտում է Թուրքիայում անցկացված հակահայկական ցույցը
Թուրքիա
Ամերիկայի հայկական համագումարը (ANCA) խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությունների կողմից հակահայկական ցույցերի արտոնումը և դրանց անցկացումը։ Կազմակերպությունը Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով պաշտոնական Անկարայի կողմից հայերի հանդեպ ատելություն և բռնություն սերմանելու այդ փորձերը։
«Այսօրվա հակահայկական դրսևորումները, որոնք տեղի են ունենում Ստամբուլի փողոցներում և որոնց մասնակցում են երկրի ներքին գործերի նախարարը և հայտնի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, նպատակուղղված են ռասիզմ հրահրելուն և Թուրքիայում հայերի նկատմամբ բռնությունների վերսկսմանը, որոնք ուղղված են նաև հարևան Հայաստանի դեմ։ Մենք կոչ ենք անում Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին անմիջապես ձեռնարկել վճռական քայլեր և հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայի իշխանությունների կողմից արտոնված բողոքի ցույցերի անցկացումը, որոնք նպատակուղղված են հայերի նկատմամբ բռնություններ հրահրելուն», – ասել է ANCA–ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
ANCA–ի պաշտոնական կայքում նշվում է, որ Թուքրիայում կիրակի օրը տեղի ունեցած հակահայկական բողոքի ցույցերին մասնակցել են 20 հազարից մինչև 50 հազար թուրքեր, որոնք ցուցանակների վրա գրված «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ սրիկաներ եք» և «Այսօր Թաքսիմ, վաղը Երևան» կարգախոսներն են վանկարկել։
Թաքսիմի հրապարակում անցկացված բողոքի ցույցին մասնակցել են Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ և Թուրքիայի ներքին գործերի նախարարը։
Ըստ կազմակերպիչների, նմանատիպ բողոքի ցույցեր անցկացվելու են Թուրքիայի ավելի քան 50 քաղաքներում։