Պատճառաբանություններ՝ «մեծ կշռով»
ՏնտեսությունՕրեր առաջ հայտնի դարձավ, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Պատճառը, ինչպես ասված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումարն է, որի բացն էլ կլրացվի սպառողներին մատակարարվող սակագնի բարձրացմամբ:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, որ ծանոթ չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը և նշված հիմնավորմանը, բայց նշեց, որ պատճառաբանություններն անկասկած պետք է մեծ կշիռ ունենան, որպեսզի այդպիսի վճիռ կայացվի:
«Գինը պետք է համարժեք լինի կատարվող ողջամիտ ծախսերին, որպեսզի ապահովվի վերարտադրությունը և ընդլայնվի. դա պարզ տնտեսագիտական հաշվարկ է: Սկզբունքորեն գինը ոչ թե ձևավորվում է սրա կամ նրա քմահաճույքով, սրա նրա ուզելով, այլ պետք է հիմնավորված լինի»,- նշեց Բադեյանը: