«Ազգ». Քարոզչության ալիեւյան մեքենան էլ հետապնդում է մեզ
Հայկական Մամուլ«Պուտինը սպանեց իմ որդուն», «Պուտինի զոհերը», «Պուտինի հրթիռները»- սրանք անգլիական թերթերի վերնագրերից ենՙ առաջին էջի ողջ ծավալով փռված, եւ լույս են տեսել հուլիսի 18-ին, մալայզիական «Բոինգի» կործանման հաջորդ իսկ օրը, երբ դեռ ոչ մի հետաքննություն չէր կատարվել, ոչ ոք դեռ հայտարարություն չէր արել, բացի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից: Գրում է «Ազգ»-ը:
«Անգլերեն լեզվում գոյություն ունի միջնադարից մնացած demonisation բառը, որի հայերեն ոչ համարժեք թարգմանությունը կլինիՙ «դիվայնացում» կամ «սատանայացում»: Այդ բառն այժմ օգտագործվում է հայտնի որեւէ մեկին անընդհատ պարսավելովՙ նրանից սատանայի կերպար ստեղծելու միտումով:
Արեւմտյան տպագիր մամուլից բնավ հետ չի մնում հեռուստատեսությունը, ընդհակառակը. գոնե այն նշանավոր հեռուստաընկերություններըՙ CNN, BBC, Euronews, որոնք մատչելի են նաեւ մեզ:
Ոչ, չեմ կարծում, որ նրանք պատվեր են կատարում: Ինչպես պատվեր չէին կատարում, երբ պնդում էին, թե Բոսնիայում սերբերը կես միլիոն մահմեդական են սպանել, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի, թե Քադդաֆին 2009-ին 100 հազար քաղաքացի է սպանել, թե Բաշար Ասադը քիմիական զենք է օգտագործում ապստամբ ժողովրդի դեմ- այդ բոլորը ապացուցված ստեր դուրս եկան: Սակայն նրանք շարունակում են նույն ձեւով հասարակական կարծիք ստեղծել, այլապես գիտեն, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն նորոգվի ու կհայտնվեն այս կամ այն ուժի, այս կամ այն կորպորացիայի սեւ ցուցակներում:
Ի՞նչ պետք է անենք մենքՙ հայաստանյան լրատվամիջոցների աշխատողներս ի տես այս կացության: Մենքՙ որ սովորել ենք, թե ի հակադրություն ռուսական եւ ընդհանրապես խորհրդային մամուլի սկզբունքների, արեւմտյան մամուլը ոչ միայն պրոֆեսիոնալ է, ինչը իրոք է՛, այլեւ բազմակարծության, ստուգության, եզրակացությունը փաստերից հետո դնելու, մարդասիրության եւ հանդուրժողության չափանիշներն է սրբությամբ կրում: Շահան Շահնուրը մի տեղ ասում է, որ ճանապարհային նշանները ճիշտ ուղղություն են ցույց տալիս, բայց իրենք երբեք չեն շարժվում այդ ուղղությամբ: Ուրեմն պետք է պահպանենք ուղղությունը, չափանիշներն ու սկզբունքներըՙ ձեռքից բաց չթողնելով երբեք համեմատելու, վերստուգելու եւ վերջում ճշմարտությունը ասելու մեր արթնամտությունը: Մանավանդ որ ատելավառ քարոզչության ալիեւյան մեքենան էլ հետապնդում է մեզ»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն` «Ազգ» շաբաթաթերթում: