«ՀԺ». «Բարև Երևան»-ի խարխուլ մեքենան. «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»
Հայկական Մամուլ«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները երեկ բավականին երկար ժամանակ «բռթել» են քաղաքապետարանից իրենց հատկացված ծառայողական ԳԱԶ-3110 մեքենան, որպեսզի հասնեն նիստին: Այս մասին թերթի թղթակցին պատմել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
ԳԱԶ-3110-ը, որ նախորդ տարի ստացել է «Բարև Երևանը», խարխուլ մեքենա է, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ փչանում է: Խմբակցության անդամները ստիպված են լինում մեքենայի շարժիչը գործի դնելու համար այն հրել մայրաքաղաքի փողոցներում: «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»,- այսպես է ձևակերպել Անահիտ Բախշյանը 2003 թվականի արտադրության «3110»-ը նկարագրելիս:
«Երեկ առավոտյան գործի դնելու համար էլի հրել ենք: Նախօրեին էլ փչացել էր, մնացել էինք քաղաքի կենտրոնում»,- մեր թղթակցին պատմել է «Բարև Երևանի» անդամ Դավիթ Սանասարյանը: Ծառայողական մեքենաներ են ստացել նաև ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Սակայն, ինչպես մեր թղթակցին պատմել է Անահիտ Բախշյանը, նրանց մեքենաները արտասահմանյան արտադրության են և գտնվում են բարվոք վիճակում: Երեկ, ավագանու նիստից հետո «Բարև Երևանին» Տարոն Մարգարյանը հորդորել է մի քիչ էլ համբերել տեղեկացնելով, որ առաջիկա օրերին խմբակցությանը հատկացնելու են «ԿԻԱ» մակնիշի նոր ավտոմեքենա:
Թերթը հիշեցնում է, որ Տարոն Մարգարյանին սպասարկում է շուրջ հարյուր հազար դոլարանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: