Վրաստանից ևս մեկ վաշտ է մեկնել Աֆղանստան
ՎրաստանՎրաստանից Աֆղանստան է մեկնել ևս մեկ վաշտ: Ճանապարհման արարողությունը կայացել է Վազիանի 4-րդ մեքենավորված բրիգադի հրապարակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
4-րդ մեքենայացված բրիգադի հավաքական վաշտի անձնակազմը և հրավիրված հյուրերը լռության րոպեով հարգել են վրացի այն զինվորականների հիշատակը, որոնք զոհվել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում և միջազգային առաքելությունների ընթացքում:
Վրացի զինծառայողներին են դիմել պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
4-րդ մեքենայացված բրիգադի հավաքական վաշտը կծառայի Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Գերմանիայի զորակազմի հրամանատարության ներքո:
Վրացի զինծառայողները պատրաստությունն ավարտել են նոյեմբերին: Նրանք մի քանի փուլով 13-շաբաթյա վարժանքներ են անցել Վրաստանում և հինգամսյա պատրաստություն Գերմանիայում: Գերմանացի հրահանգիչները դրական են գնահատել զինվորականների պատրաստվածության մակարդակը: