Վանդալները Փարիզում պղծել են ահաբեկչական գործողության զոհերի հուշահամալիրը
ԱշխարհԱնհայտ վանդալները Փարիզում պղծել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվածների հիշատակի հանպատրաստից հուշատեղին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Telegraph-ը:
Փարիզի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին ստեղծված խմբի ղեկավար Սաբրինա Դելիրին հայտարարել է, որ Հանրապետության հրապարակում ծաղիկներից և լուսանկարներից պատրաստված հուշատեղին վերջին երկու շաբաթվա ընթացքում վնասվել է արդեն չորրորդ անգամ, սակայն ակտիվիստները չէին հայտնում վանդալիզմի գրոհների մասին:
«Այս անգամ նրանք ավերել են ամեն ինչ»,- բողոքել է ակտիվիստ Ռեմի Վիալարետը: Նրա խոսքով՝ կամավորներն արդեն դիմում են տվել ոստիկանություն:
Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Երեք զինյալներ գնդակահարել են 12 մարդու, ևս 11-ը վիրավորվել են: