Լոս Անջելեսի Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու խաչմերուկը կկոչվի «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»
ԱՄՆԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մարտի 18-ին միաձայն հաստատել է Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու վերաբերյալ միջնորդությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Մասիս փոստը», միջնորդությունը ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը: Այն նախատեսում էր նաև հիշատակի մշտական նշաններ տեղադրել տարածքում:
Քվեարկության ժամանակ Օ' Ֆարելը նշել է «Փոքր Հայաստան» թաղամասում բնակվող հազարավոր ամերիկահայերի և ամեն տարի իրականացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթերի մասինˋ հավելելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Առաջարկում եմ այս հրապարակի խաչմերուկը հայ ժողովրդի դժբախտության մշտական հիշեցումը դարձնելˋ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանությունը վերապրածներին»,- ասել է նա: