Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներն այցելել են դքսուհի Քեյթին և նրա նորածին դստերը
ԱշխարհԲրիտանական թագավորական ընտանիքի անդամները մայիսի 3-ին Քենսինգթոնյան պալատում այցելել են Քեմբրիջի դքսուհի Քեթրինին և նրա նորածին դստերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, Ուելսի արքայազն Չարլզը և նրա տիկինը՝ Քոռնուելի դքսուհի Կամիլան, մի ամբողջ ժամ են անցկացրել իրենց թոռնուհու հետ:
Երեխային տեսնելու են եկել նաև Քեյթի ծնողները՝ Մայքլ և Քերոլ Միդլթոնները, և նրա քույրը՝ Փիփան:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի բնակիչները շարունակում են գուշակել, թե ինչպես կանվանեն գահի նոր ժառանգորդուհուն: Բուքմեյքերները կարծում են, որ աղջկան, ամենայն հավանականությամբ, կանվանեն Էլիս կամ Շառլոտա: Հավանական մյուս անունների թվում են Օլիվիան, Վիկտորյան և Եղիսաբեթը:
Քեմբրիջի դուքսի և դքսուհու՝ Ուիլյամի և Քեյթի դուստրը ծնվել է մայիսի 2-ին և դարձել չորրորդը գահաժառանգման ցուցակում՝ արքայազն Չարլզից, իր հորից ու եղբորից հետո: