Բողոքի ակցիա Նիդերլանդներում Ադրբեջանի դեմ
ԱշխարհAmnesty International իրավապաշտպան կազմակերպության մի խումբ ակտիվիստներ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիա են անցկացրել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Facebook-ում կազմակերպության էջում:
Կազմակերպության տեղական բաժանմունքի ակտիվիստներն Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատելու պահանջ բովանդակող կոչերով պաստառներով դեսպանատան առջեւ վազք ու զբոսանք են կազմակերպել: Ակցիայի երկու տասնյակից ավելի մասնակիցներ էլ նստացույց են արել: Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին, Ռասուլ Ջաֆարովին, Խադիջա Իսմայիլովային, Ինտիգամ Ալիեւին:
Amnesty International-ն իր կայքում նաեւ շարունակում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող հայտարարագրի տակ ստորագրությունների հավաքագրումը: Ներկա դրությամբ հայտարարագիրը ստորագրել է 40 հազարից ավելի մարդ:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալներ, այդ թվում' 20 «խղճի բանտարկյալներ» կան: