«Կլոր սեղան»՝ ոստիկանության նախաձեռնությամբ
Իրավունք
Ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ու Եվրոպական միության աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում՝ նվիրված Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում ոստիկանության խնդիրներին և շահագրգիռ կազմակերպությունների ու կառույցների հետ փոխհամագործակցության հարցերին:
«Կլոր սեղանին» մասնակցում էին ՀՀ պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների նախընտրական շտաբների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան:
«Կլոր սեղանը» վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ընտրական գործընթացում ոստիկանության գործառույթների, կառույցի իրավասությանն առնչվող խնդիրների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Զեկուցողն անդրադարձավ նաև նախընտրական շտաբների, դիտորդների, այլ շահագրգիռ սուբյեկտների և ոստիկանության համագործակցությանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրեց նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես և քվեարկության օրը իրավախախտումների մասին ՀՀ ոստիկանությանը ներկայացվող հաղորդումների արագ արձագանքման վերաբերյալ ոստիկանության մոտեցումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթը նվիրված էր ընտրական հանձնաժողովների և ոստիկանական ստորաբաժանումների համագործակցության սկզբունքներին ու ընթացքին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր զեկույցում անդրադարձավ ընտրացուցակների հրապարակայնությանը, ներկայացրեց հնարավոր անճշտությունները վերացնելուն ընտրողների մասնակցության եղանակները, մանրամասնեց ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի նշանակությունն ու խնդիրները:
Քվեարկության օրը ոստիկանական ուժերի ծառայության անցկացման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքում ոստիկանության կողմից հանրությանն օպերատիվ տեղեկատվության տրամադրման գործընթացն ու ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման խնդիրները:
Զեկուցողները սպառիչ պատասխաններ տվեցին հանդիպման մասնակիցների հարցերին:
Կլոր սեղան-հանդիպումն ամփոփվեց զեկույցներում ու մասնակիցների հարցադրումներում բարձրացված խնդիրների ակտիվ ու կառուցողական քննարկումով: