Հունաստանի վարկային ծրագրի մասին համաձայնագիրը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը

Ֆինանսական օգնության նոր փաթեթի վերաբերյալ Հունաստանի կառավարության եւ միջազգային վարկատուների միջեւ ձեռք բերված համաձայնագրի տեքստը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Հունաստանի օրենսդիր մարմնի կայքում զետեղված հաղորդագրության մե ջ:
Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանի անդամներին կոչ է արել քվեարկել համաձայնագրի օգտին, որը ձեռք է բերվել ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հունաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների բանակցություններում:
Այն նախատեսում է Հունաստանին 85 մլրդ եվրոյի հատկացում, որը պետք է օգնի երկրի էկոնոմիկան փրկելու կոլապսից:
Փոխարենը Հունաստանի կառավարությունը պետք է կրճատի սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես, բարձրացնի կենսաթոշակային տարիքը, չեղարկի գյուղատնտեսական արտադրողների համար վառելիքի գնի դոտացիաները, բարձրացնի մի շարք հարկեր:
Ցիպրասը կոչ է արել խորհրդարանում համաձայնագրի տեքստի շուրջ քվեարկությունն անցկացնել օգոստոսի 13-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: