Անցած օրվա ընթացքում Գերմանիա են ժամանել հազարավոր փախստականներ
ԱշխարհԿիրակի գիշերը հազարավոր փախստականներ գնացքներով և ավտոբուսներով ժամանել են Գերմանիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով, 570 փախստական տեղափոխող հատուկ գնացքներից մեկը Թյուրինգիա է ժամանել շաբաթ ուշ երեկոյան: Կեսից ավելին հետո տեղափոխվել են Դրեզդեն: Գնացքները փախստականներին հասցրել են նաև Համբուրգ և Բեռլին:
Ինչպես սպասվում է, կիրակի ևս մի քանի հազար մարդ, հիմնականում' Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից, Հունգարիայից կտեղափոխվեն Գերմանիա և Ավստրիա:
Ավստրիան և Գերմանիան համաձայնել են ընդունել Հունգարիայից եկող փախստականներին: Նախօրեին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ իր երկիրն իրավունք չունի սահմանափակել իր տարածքում ապաստան խնդրող փախստականների թիվը: