Գյուղատնտեսական կոոպերատիվները դեռևս ԽՍՀՄ-ի կոլխոզները չեն
EconomyԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց գյուղատնտեսական կոոպերատիվների ինստիտուտի ներդրման օրենսդրական նախաձեռնությանը:
Գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային վճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր տնտեսական միավորում է:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ վաղուց ունեինք այս օրենքի կարիքը, որովհետև ժամանակակից աշխարհում, զարգացող պետություններում սա ընդունված պրակտիկա է: Մենք անգամ ավելի վաղ կարող էինք ունենալ նման օրենք:
«Այս օրենքը միանշանակ խնդիրներ լուծելու է, բայց հարցը հետևյալն է‘ իրավական ձևակերպումների մեջ արդյոք փոփոխությունների անհրաժեշտություն կա, թե‘ ոչ: Իրականում, օրենքի իրավական ձևակերպման մեջ որոշակի խնդիրներ կան, բայց, եթե օրենքն այս տեսքով ընդունվի‘ վտանգի առաջ կանգնած չենք»,- ասաց Պիպոյանը:
Մեր զրուցակցի խոսքով, օրենք ունենալը և օրենքի կիրառումը ապահովելը տարբեր բաներ են: Այս օրենքի նպատակն է շահույթներ հետապնդել, գյուղացու համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Կարող ենք օրենքն ընդունել, այնուհետև, գործնականում տեսնել‘ օրենքը փոփոխել պե՞տք է, թե՞‘ ոչ: «Մենք միշտ ասել ենք‘ մեր համար ավելի կարևոր է օրենքի ապահովումը: Հիմա օրենքի կյանքի կոչումը, արդյունքներ ցույց տալ կամ չտալը պետք է ցույց տա ժամանակը, բայց մենք պետք է ունենանք այսպիսի օրենք»:
Մեր այն հարցին, թե գյուղաբնակներին ինչքանո՞վ է անհրաժեշտ այս օրենքը հատկապես այս տեսքով, Պիպոյանն ասաց. «առնվազն չի խանգարում, և այոˊ պետք է»:
Խորհուրդ տվեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվները չհամեմատել ԽՍՀՄ շրջանում գյուղերում ընդունված տնտեսվարման համակարգի հետ. «կոլխոզները մոռացեք, դա այդպես չէ, այդ բառը շատ է կիրառվել, քանի որ առաջին հայացքից կարող է նման ասոցիացիա առաջացնել: Սոցիալական ցանցերում սրան պիտակավորումը հարցի մյուս կողմն է, բայց չի գտնվի փորձագետ, որ սրան կոլխոզ ասի, ժամանակակից աշխարհում ընդունված պրակտիկա է»:
Զրույցի վերջում փորձագետը հավելում է, թեպետ այնպես չէ, որ այս օրենքն ընդունեցինք վաղը կծաղկենք, բայց նկատում է‘ պետք է այնպես անենք, որ օրենքն աշխատի:
Ն.Ա