Մոսկվաբնակ հայուհին Թուրքիայով փախչել է ԴԱԻՇ-ի մոտ (տեսանյութ)
ՌուսաստանՄոսկվայի 28-ամյա բնակչուհի Մարիա Սամոյլովան փախչել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ: Համենայն դեպս, դրանում համոզված է կնոջ հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը, ով աղջկա կորստի մասին հայտարարել է ոստիկանությանը: Նրա խոսքով՝ դուստրն իր քաղաքացիական ամուսնու հետ մեկնել է Թուրքիա և անհետացել՝ նրա հետ կապն ընդհատվել է երկու ամիս առաջ:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Մարիա Սամոյլովայի ընտրյալն ադրբեջանցի գործարար Յուրի Իսմաիլովն է: Սիրահարներն իրենց հարաբերությունները զագսում չեն գրանցել, ամուսնացել են միայն մուսուլմանական ավանդույթներով: Հետո Մարիայի ծնողներին հայտնել են, որ մտադիր են մեկնել Բաքու՝ Յուրիի հարազատների մոտ:
Սակայն ուղևորության երթուղին կասկած է առաջացրել Մարիայի հոր մեջ. նորապսակները Ռուսաստանին սահմանակից Ադրբեջան, չգիտես՝ ինչու, որոշել են Թուրքիայով մեկնել: Զույգը Ռուսաստանի մայրաքաղաքից հեռացել է այս տարվա հոկտեմբերին, որից հետո աղջկա ծնողները նրանից լուր չեն ստացել:
Արթուր Մկրտումյանը վստահ է, որ դուստրն ու նրա ամուսինը սկզբում ծրագրել են գնալ ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ, իսկ Ադրբեջան տեղափոխվելու մասին լեգենդը հորինել են՝ վախենալով պատժից: Բացի դրանից, նրա խոսքով, Բաքու՝ Յուրիի հարազատների մոտ, նրանք այդպես էլ չեն գնացել:
Մարիայի մայրը, սակայն, որն ամուսնալուծված է Արթուր Մկրտումյանից, դստեր անհետանալու մեջ ոչ մի հանցավոր բան չի տեսնում: Կինը վստահ է, որ իր աղջիկն իսկապես Ադրբեջանում է և մոտ ապագայում կապ կհաստատի: