Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ընթրիքին. Ելիսեյան պալատ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, Օլանդի մասնակցությունն ընթրիքին ընդգրկված է նրա պաշտոնական օրակարգում:
Ընթրիքը տեղի կունենա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ընթրիքն անցկացվելու է Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ըստ հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությունն ընթրիքին մի քանի նախարարների ուղեկցությամբ վկայում է այդ երկրի հարգանքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության նահատակների և վերապրածների հետնորդների նկատմամբ և ֆրանսահայերին ինստիտուցիոնալ կառույցներում ներգրավելու և ամրապնդելու շարունակական հանձնառությունը:
Ընթրիքի ընթացքում կքննարկվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառումներին, ժխտողականության դեմ պայքարին, անվտանգությանը և մարդու իրավունքներին, ահաբեկչության դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղում և Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների խնդիրներին վերաբերող հարցեր:
Ընթրիքին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական դեմքեր, արվեստագետներ, այդ թվում ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, միավորումների, Ֆրանսիայի այլ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր տուժել են ցեղասպանություններից:
Օլանդը նախորդ տարի ևս մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: