Սիրիացի ընդդիմադիրները համաձայնել են երկշաբաթյա հրադադարի
ԱշխարհՍիրիայի ընդդիմադիր ուժերը հայտարարել են հրադադարի ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում պահպանելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Arabiya-ն՝ հղում անելով ընդդիմադիր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի հայտարարությանը:
«Կոմիտեն գտնում է, որ երկու շաբաթ ժամկետով նախնական զինադադարը կապահովի հրադադարին մյուս կողմի պատրաստակամությունը պարզելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից մշակված հրադադարի պլանը կատարելու իրենց պատրաստակամության մասին արդեն հայտարարել է նաև Սիրիայում գործող քրդական աշխարհազորը՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որը «Դեմոկրատական միության» մարտական թևն է:
Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն և ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից: