Կնյազ Հասանովը ցանկանում է ԱԺ-ում ներկայացնել քրդական համայնքը
ԱՐԽԻՎԸնտրական օրենսգրքի նոր նախագծով կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:
Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում քրդական համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովն ասաց, որ դեռևս պետք է սպասենք Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի ընդունմանը, քանի որ ընտրության ընթացակարգն իր համար այնքան էլ պարզ չէ:
Կնյազ Հասանովին հարցրինք, թե ինչքանո՞վ է հնարավոր համարում Ազգային ժողովում իր ներկայությունը, պատասխանեց.
«Ոչ մի մեխանիզմ, ոչ մի ճիշտ բան չկա, գոյություն չունի: Երբ կլինեն ընտրություններ, թեկնածուների առաջադրում կլինի, դա կլինի մեր համայնքի ժողովրդի կամքով: Այսօրվա վիճակում մեզ դեռևս ոչինչ հայտնի չէ` ի՞նչ ձևով պետք է ընտրվի, կամ ո՞ր ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն»:
Նշենք, որ վերջին մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են` ռուսական, քրդական, եզդիական, ասորական համայնքները:
Ըստ Հասանովի՝ օրինակ, քրդական համայնքում թեկնածուներ շատ կան և շատերը կուզենան ընտրվել: Իսկ թե ինքը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ, համայնքի որոշելու հարցն է համարում. «Դա համայնքը պետք է որոշի, թե համայնքի աջակցությունը լինի, կառաջադրեմ իմ թեկնածությունը»: