Գայլի հարձակումից տուժած կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր
ՀասարակությունԽաչիկ գյուղում գայլի հարձակումից լուրջ վնասվածքներ ստացած 75-ամյա կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին տեղեկացնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: «Հիվանդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով: Նա բժշիկների վերահսկողության տակ է»,- ասաց Շուշան Հունանյանը:
Երեկ գայլի հարձակումից տուժած կինը վիրահատվել է: Նախ վիրաբուժական մշակում է կատարվել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 75-ամյա բնակչուհին գայլի հարձակումից դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: Նա սկզբում բժշկական օգնություն է ստացել Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: