Ճապոնիայի աղետի գոտում շուրջ 600 զգալի երկրաշարժեր են գրանցվել
ԱշխարհՃապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում եւ հարակից շրջաններում, որոնք անընդհատ ցնցվում են երկրաշարժերից, ապրիլի 14-ից ի վեր արդեն գրանցվել են 590-ից ավելի զգալի ցնցումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի Օդերեւութաբանական վարչությունը, որը կատարում է սեյսմիկ ծառայության դերը: Միայն ապրիլի 17-ի երեկոյան Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի են ունեցել 5,8 եւ ավելի մագնիտուդով նոր հզոր երկրաշարժեր:
Սողանքների սպառնալիքի պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել եւս մի քանի բնակավայրերի բնակիչներին՝ հեռանալ իրենց տներից: Բնակիչներին նաեւ հորդորում են՝ չմտնել տուժած շինություններ, քանի որ դրանք կարող են փլվել նոր երկրաշարժերից:
Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում տեղի ունեցած մի շարք ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել է 44 մարդ, հազարից ավելի բնակիչներ վերքեր են ստացել: Ավելի քան 92 հազար մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները եւ ներկայում գտնվում են տարհանման կետերում, որտեղ խմելաջրի պակաս է զգացվում, պարենամթերքը մատակարարվում է ընդհատումներով:
Փրկարարական աշխատանքներ անցկացնելու եւ տուժածներին պարենամթերք հասցնելու համար ուղարկվել են Ճապոնիայի զինված ուժերի շուրջ 20 հազար զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: