Ավանակին խոշտանգող առյուծները Գագիկ Ծառուկյանին չեն պատկանում
Society«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը Lurer.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի կրկին համացանցում տարածվող եւ քննարկումների թեմա դարձած տեսանյութի հետ, որտեղ վանդակում փակված ավանակն ու առյուծի երկու ձագեր տանջում են միմյանց։
«Նախ ասեմ, որ պարոն Ծառուկյանը ունի ընդամենը սպիտակ տեսակի առյուծներ, եւ հետո այդ վանդակները շատ անմխիթար վիճակում էին եւ այդ կենդանիները պահում էին անմխիթար պայմաններում, ինչը հնարավոր չէ պարոն Ծառուկյանի պարագայում», - հավաստիացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակը՝ հավելելով,- «Որպես արարք դա զազրելի է, եւ հետեւաբար պարոն Ծառուկյանը չէր կարող նման քայլ թույլ տալ իրեն։ Դա բացառապես ապատեղեկատվություն է եւ պարոն Ծառուկյանի անվան հետ այդպիսի ասեկոսներ եւ բամբասանքներ տարածելուն է միտված»։
Մամլո խոսնակի խոսքերի իսկությունը փաստելու համար բավական է միայն համադրել տեսանյութում ներկայացվող առյուծի վանդակը Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի վանդակի հետ։
Նկարից պարզ երևում է,որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը և նրա համար նախատեսված վանդակը նմանության եզր անգամ չունի տեսանյութում զետեղված առյուծների և անմխիթար վանդակի հետ։ Անզեն աչքով էլ ակնհայտ է, որ անհարկի և միտումնավոր շահարկվում է Գագիկ Ծառուկյանի անունը։