Իրանն իր ենթակառուցվածքը տրամադրել է ՌԴ-ին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար
ՌուսաստանԻրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հաստատել է այն հաղորդագրությունները, որ Իրանը Ռուսաստանի օդատիեզերական ուժերին տրամադրել է իր տնօրինության տակ եղած ենթակառուցվածքը և օդային տարածությունը՝ Սիրիայում ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար:
«Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու գործում Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Մենք պետք է միավորենք մեր ներուժը և հնարավորությունները»,-հայտարարել է նա IRNA գործակալությանը՝ մեկնաբանելով ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետության» զինյալներին հարվածներ հասցնելու համար Համադանում իրանական ավիաբազայի օգտագործման վերաբերյալ հաղորդագրությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական հեռահար ռմբակոծիչները, օդ բարձրանալով Իրանի օդանավակայանից, ավիահարված են հասցրել ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան Նուսրա»-ի օբյեկտներին:
«Օգոստոսի 16-ին Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները և Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչները, ռումբերի լրիվ բեռնվածությամբ թռչելով «Համադան» բազավորման օդանավակայանից, «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերին խմբային ավիահարված են հասցրել Հալեպի, Դեյր Էզ Զորի և Իդլիբի նահանգներում»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաև զինյալների պատրաստման ճամբարներ և կառավարման երեք կետեր: Նշվում է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: