Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում
ԱշխարհԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում եւ մտադիր չէ բախման գնալ նրա հետ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռված, բայց վստահ մոտեցում է կիրառում… Մենք դուռը բաց ենք թողնում Ռուսաստանի հետ աշխատելու համար: ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում եւ մտադիր չէ բախման գնալ նրա հետ,-ասել է նախարարը՝ հանդես գալով Օքսֆորդի համալսարանի ուսանողների առջեւ:-Մենք հույս ունենք, որ երբեւիցե Ռուսաստանը կդառնա հուսալի եւ պատասխանատու գործընկեր»:
Քարթերի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունները, այդ թվում՝ «Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ավիատիեզերական տարածությունում ոչ պրոֆեսիոնալ գործողությունները, խոսում են այն մասին, որ ՌԴ-ն սխալ եւ հավակնոտ քաղաքականություն է վարում»:
Որպես համագործակցության դրական օրինակ նա բերել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկխոսությունը Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ: «Սակայն Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին»,- հավելել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: