Դատարանը վերահաշվարկ կատարեց. Զովունին կղեկավարի անկուսակցական Վրույր Սիմոնյանը
ՔաղաքականԶովունիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո կրքերը չէին հանդարտվում: Ընտրությունների արդյունքում` առաջադրված երկու թեկնածուներից համայնքապետ էր նշանակվել անկուսակցական, ոստիկանության նախկին գնդապետ Վրույր Սիմոնյանն, ով մրցակցին հաղթել էր 18 ձայնով:
ՀՀԿ-ական թեկնածու Սերժիկ Ավետիսյանն այնքան ծանր էր տարել այդ լուրը, որ ընտրությունների արդյունքը բողոքարկեց ԿԸՀ, որի ուսումնասիրության հետևանքով կորցրեց ևս մեկ ձայն: Չհասնելով ցանկալի արդյունքի՝ Սերժիկ Ավետիսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացրած արդյունքները:
Լուրեր.com-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի Վարչական դատարանում 20.00-ին մեկնարկած նիստը ավարտին է հասել միայն գիշերը 4.00-ին, նիստն անցել է բավականին լարված մթնոլորտում: ԿԸՀ-ի վերահաշվարկն ու հրապարակած արդյունքները չէին բավարարել նախկին գյուղապետին և դատարանում կրկին բացվել են քվեաթերթիկներով լի պարկերը. կրկին վերահաշվարկ է արվել:
Դատարանն, ուսումնասիրելով փաստերը, որոշեց անփոփոխ թողնել ընտրության արդյունքները. համայնքը կղեկավարի անկուսակցական Վրույր Սիմոնյանը:
Նշենք նաև, որ գիշերը Զովունիում հրավառություն էր, գյուղացիները տոնում էին նորընտիր գյուղապետի հաղթանակը: