«Քավության նոխազ» օպերացիայի քողի տակ՝ իրական կոռուպցիոներները կշարունակեն իրենց խրախճանքը. մանրամասներ դատավորի ձերբակալությունից
Իրավունք
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ լրատվամիջոցների, ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով: Շեշտենք՝ դատավորը ձերբակալվել է փողոցում: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է՝ դատավորն ընտրված քավության նոխազ է՝ հանրությանը ՄԻԵԴ-ի որոշումից շեղելու համար:
Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ՝ հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը և վարքագծին՝ գործը քննելու ընթացքում: Դիմումատուները ՄԻԵԴ-ին ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան:
Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության իրավունքից զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել:
Աթանեսյանը վստահ է՝ այս որոշումից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, իսկ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը և կարգապահական հարցերի հանձնաժողովը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ:
Իսկ Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում շեշտեց՝ Եվրոպական դատարանը, նախքան վճիռը հրապարակելը՝ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ պատրաստվում է հոկտեմբերի 27-ին սույն գործով վճիռ հրապարակել և հենց այդ հաղորդագրության մեջ նշված էր judge M., այսինքն՝ դատավոր Մկրտումյան:
«Նորմալ, կայացած երկրում, հենց այդ հաղորդագրության պահին պետք է դատավորը հրաժարական տար, քանի որ խոսվում էր մեր դատական իշխանության բարձրագույն պաշտոնյայի մասին և առաջին անգամ է, որ Եվրոպական դատարանը հստակ գնահատական է տալիս կոնկրետ դատավորի գործունեությանը: Ես կարծում եմ՝ Արման Մկրտումյանը 20 տարի ժամանակ է ունեցել Վճռաբեկ դատարանում փոփոխություն կատարելու: Արդյոք դա նրան հաջողվել է թե ոչ, ես չէ որ պետք է գնահատական տամ, դա ակնհայտ է, բոլորս էլ կարող ենք գնահատական տալ»,- ասաց Վարոսյանը:
ՄԻԵԴ-ի որոշումի հրապարակումից հետո, կայծակնային արագությամբ՝ գիշերը, ձերբակալվեց դատավոր Իշխան Բարսեղյանը՝ կասկածվելով 500-1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Փաստաբան Վարոսյանը դժվարացավ ասել՝ ինչքանով է Բարսեղյանն ընտրված քավության նոխազ և հասարակությանը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործից շեղելու միջոց.
«Այդ մասին հստակ ասել, կարծում եմ՝ դժվար է, քանի որ փաստեր են պետք: Իսկ քավության նոխազի մասով, կարող եմ ասել՝ հնարավոր է: Եթե հիշում եք՝ որոշ ժամանակ առաջ այս դատավորը խնդիրներ ուներ հենց Արդարադատության խորհրդի հետ, դատական իշխանության բարձրագույն ատյանների հետ խնդիրների մեջ էր: Այս պարագայում հնարավոր է՝ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ գործ ունենք քավության նոխազի հետ: Հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում: Արդյո՞ք դատավոր Բարսեղյանի ձերբակալությունը կհանգեցնի դրական փոփոխությունների դատական համակարգում, նաև կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, թե՞ «քավության նոխազ» օպերացիայի տակ իրական կոռուպցիոներները կշարունակեն իրենց խրախճանքը»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ի դեպ՝ ՀԺ-ի տեղեկություններով՝ դատավոր Բարսեղյանն անձնական լուրջ խնդիրներ ունի. վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:
Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը հայտարարում է, որ դատավորի ձերբակալությունից մոտ երկու ժամ առաջ տեսել է վերջինիս, Հովհաննսիայանի խոսքով՝ կասկածելի անձնավորության հետ: «Բայց որքան ջանքեր թափեցի դադարեցնելու նրանց շփումը, ցանկանալով Իշխանին հասկացնել, որ այդ մարդը վտանգավոր տիպ է երեւում, այդպես էլ չկարողացա: Եկավ, մի մեքենա կանգնեց Շենգավիթի դատարանի մոտ, այդ անձնավորության հետ Իշխան Բարսեղյանը նստեց, ինձ ցտեսություն ասաց, եւ մեքենան շարժվեց:
Ինչպիսի՞ հանգամանքներում և ինչո՞ւ է ձերբակալվել Իշխան Բարսեղյանը՝ չեմ կարող գուշակել: Բայց Իշխան Բարսեղյանի հետ գտնվող այդ մարդը հետապնդող անձնավորության տպավորություն էր թողնում: Թե ինչու Իշխանը չէր ընկալում այդ երևույթը, ինձ զարմացնում է: Այսուհետև գուցե անձինք գտնվեն, որ վկայություններ կտան Իշխան Բարսեղյանի անցյալի կամ ներկայի մասին, ոմանք կվկայեն ճշմարտությունը, ոմանք կզրպարտեն: Ժողովրդական խոսք է՝ եզն ընկավ, դանակավորները շատացան: Ես ափսոսում եմ այդ մարդուն և ցավում եմ կատարվածի համար»:
Դեռևս 2013-ին Իշխան Բարսեղյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նկատողություն՝ զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Իսկ 2015թ.-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել էր արդարադատության խորհուրդ՝ Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, սակայն խորհուրդը կարճել էր Բարսեղյանի դեմ հարուցված գործը՝ նրան պատասխանատվության ենթարկելու դիմումի ժամկետները հանձնաժողովի կողմից չպահպանելու հիմքով:
ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորն անձեռնմխելի է: Նա չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:
Օրենսգրքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են հանրապետության նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո, ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության նախագահի տված համաձայնության: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից՝ տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:
Աբսուրդը կայանում է նրանում, որ տեղով սկանդալի մեջ հայտնված Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանը պետք է տեղեկացվի Շենգավիթի դատավորի ձերբակալման մասին, չնայած նրան, որ փաստաբանների մի խումբ համոզված են, որ Վճռաբեկի դատավորը պետք է արդեն հրաժարական տված լիներ:
Քրիստինա Աղալարյան