Agence France-Presse-ը տարվա մարդ է հայտարարել Դոնալդ Թրամփին
Համաշխարհային ՄամուլAgence France-Presse-ը տարվա մարդ է հայտարարել ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին: «2016 թվականի առավել նկատելի կամ ազդեցիկ անձանց» վարկանիշը AFP-ի խմբագրությունը հրապարակել է դեկտեմբերի 21-ին:
Թրամփն այդ ցանկում առաջ է անցել «երկու կոշտ ղեկավարներից, որոնք մարտահրավեր են նետել Արեւմուտքին՝ Վլադիմիր Պուտինից եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանից», նշում է գործակալությունը:
Ընդամենը, AFP-ի վարկածով, տարվա առավել նկատելի անձանց ցուցակում տեղ է գտել տասը մարդ: Եռյակին հաջորդում են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, գրականության Նոբելյան մրցանակի արժանացած ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման:
Ինչպես պարզաբանել են AFP-ում, վարկանիշը կազմվել է գործակալության շուրջ 300 աշխատակիցների հարցման հիման վրա, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' Getty Images