ՀՅԴ-ի՞ն, Փոստանջյանի՞ն, թե՞ իշխանություններին. որ ուժին կհովանավորի սփյուռքը
PoliticalՎերջին շրջանում, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկայացուցիչները կոչ են անում սփյուռքին՝ աջակցել Հայաստանին: Սակայն պետք է նկատել նաև այն, որ սփյուռքի ֆինանսական աջակցությունը Հայաստանին վերջին շրջանում նվազել են, հեռուստամարաթոններից ստացված նվիրատվությունների չափի նվազումը վառ օրինակ է:
Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմեց սփյուռքին՝ խնդրելով մասնակից դառնալ Հայաստանում կատարվող բարեփոխումներին, դրան հաջորդեց ընդդիմադիր բևեռում գործող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը՝ իր կողմից ստեղծվելիք նոր կուսակցության մասին, որի շարժիչ ուժը լինելու են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները: Նա նշեց, որ իր և իր թիմակիցների կողմից ստեղծված միավորումը, որը դառնալու է կուսակցություն, ՀՀ-ում հիմնադրվելուց հետո իր գործունեությունն է ծավալելու նաև սփյուռքում. «ՀՀ-ում հիմնադրվելուց հետո մեր կուսակցությունը կծավալվի սփյուռքում: Այս պահին թեև ֆինանսավորման խնդիրներ չունենք, բայց սփյուռքի տնտեսապես անկախ շատ հայեր պատրաստ են իրենց վրա վերցնել նաև ֆինանսավորման հետագա հարցերը»,- ասել էր պատգամավորը:
Հաշվի առնելով այն հանգմանքը, որ տարիներ շարունակ սփյուռքի մեծ հոգածությանն էր արժանանում հատկապես ՀՅԴ-ն, փաստորեն այսօր, այսպես ասած, մրցակիցներ են հայտնվում դաշտում, ինչպես են պատկերացնում իրենց անելիքները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ:
«Որ Հայաստանի քաղաքական վերնախավը անդրադառնում է սփյուռքին, բնական է, բայց նաև փաստ է, որ մենք միակ կուսակցությունն ենք, որ կառույց ունենք սփյուռքում: Մեր համար դա խնդիր չէ, ով ինչ ուզենա կարող է փորձել, բայց լավ կլինի՝ եթե իրականանան դրանք. այսինքն սփյուռքը մասնակից դարձնել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում և աջակցել՝ լուծելու իր հարցերը»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը՝ Դաշնակցությունն այլևս չի ֆինանսավորվում սփյուռքի կողմից և ժամանակին ինչ անում էին դաշնակները, այսօր փորձում է անել Զարուհի Փոստանջյանը, արդյո՞ք նա կկարողանա ստանձնել այդ դերը և ծրագրեր իրականացնել, Կիրո Մանոյանը նկատեց.
«Զարուհի Փոստանջյանը խոսում է ֆինանսավորման մասին, ես իր ասածից չեմ հասկացել, թե կուսակցություն է ուզում հիմնել սփյուռքում: Իսկ Դաշնակցությունը սփյուռքում կառույց ունի, տարբերությունը հասկանո՞ւմ եք: Դաշնակցությունը 30 երկրներում կուսակցություն ունի: Հետո էլ, եթե Հայաստանի քաղաքացիներ չեն, ապա օրենքն արգելում է, որ ոչ քաղաքացին լինի ՀՀ կուսակցության անդամ, իսկ եթե քաղաքացիներ են՝ խնդիր չկա»:
Հարցին՝ բայց, այնուամենայնիվ, Դաշնակցությունը չի՞ կանգնի փաստի առաջ, եթե սփյուռքում նոր կուսակցություն հայտնվի, մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք 100 տարուց ավելի գոյություն ունենք, մեկ օրում ստեղծված կուսակցությունը, որը սփյուռքում կառույց հիմնելու մասին չի խոսում, չի կարող նույն բանը անել ինչ Դաշնակցությունը: Ինքը չի ասում, որ դա է անելու, ընդամենը ասում է, որ այնտեղից պետք է ֆինանսավորում ստանան»,- ևս մեկ անգամ կրկնեց նա:
Սոնա Հարությունյան