Բա հարց չտա՞ս, չհարցնե՞ս՝ հիմա դու ո՞ւմ դաշնակիցն ես. Արա Պապյան
Интервью«Հայ-ռուսական այս վերջին հանդիպման ժամանակ էլ որևէ նոր բան չասվեց, քանի որ գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ կանգ է առել ադրբեջանական կողմի պատճառով, ավելին՝ այն գնալով կոշտանում է, և եթե Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների և անգամ պատրաստ չէ մեր զիջումներն ընդունելու, որևէ նոր բան սպասել՝ արդեն չի կարելի»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանն՝ անդրադառնալով մարտի 15-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը:
Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը ոչ թե պետք է Ռուսաստանում խոսեր հակամարտության լուծման մասին, այլ պետք է բարձրաձայներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցն ու մեզ պաշտպանական զենքեր տրամադրելու անհրաժեշտությունը: «Այն, ինչ տալիս է ռուսական կողմն Ադրբեջանին, շատ վտանգավոր է, մինչդեռ մեզ անվճար պետք է հատկացնի պաշտպանողական զենքեր: Մեզ կրկնակի և եռակին պետք է տա՝ որպես ռազմավարական գործընկեր»:
Արա Պապյանն անընդունելի է համարում հայկական կողմի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին ինքնարժեքով Սմերչ և Իսկանդեր է վաճառել՝ հենց նույն ռազմավարական գործընկերության շրջանակներում. «Այդ Իսկանդերը ոչ մի բան էլ չի հակակշռում, քանի դեռ չունի ատոմային մարտագլխիկ, ընդամենը մի որոշ տարածք կոչնչացնի և վերջ: Ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու, չեն մխիթարում այս հիմնավորումները, և այն, թե մենք մեկի դիմաց քանի ադրբեջանցի կարող ենք ոչնչացնել: Ռուսաստանը հայկական կողմին պետք է տա պաշտպանական համալիրները, որոնք օդի մեջ կոչնչացնեն ցանկացած սպառնալիք, ինչը նա արդեն վաճառել է Ադրբեջանին»:
Արա Պապյանի համոզմամբ՝ հաջորդ շեշտադրումը, որին պետք է ուշադիր հետևի հայկական կողմն ու անի վերլուծություններ, հետևայալն է. «Ռուսաստանը 20 միլիարդի ներդրում է անում Թուրքիայում, 2-3 միլիարդի ներդրում՝ Հայաստանում. բա հարց չտա՞ս, չհարցնե՞ս՝ հիմա դու ո՞ւմ դաշնակիցն ես: Այնպես որ՝ չի կարող անվտանգության երաշխավորն իրեն այդպես պահել, չի կարող զենք վաճառել մեր թշնամուն, որովհետև դրանք սարսափելի զենքեր են, և, եթե Ադրբեջանը դա ուղարկեց մեր դեմ, մենք պատերազմը կվերջացնենք հազարավոր զոհերով»:
Աղավնի Սուքիասյան