Հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին Մայր Աթոռը կտրամադրի 4 սենյականոց բնակարան
SocietyՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան: Այս մասին հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հայոց եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով, հոգևոր խնամքից բացի, կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին՝ որտեղ է հատկացվելու բնակարանը, Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է Կարապետյան ընտանիքի հետ. «մանրամասնել այս պահին չենք կարող»:
Մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ' 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ' Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: