ՀՀ ՔԿ-ն կքննի Իջևանի անտառապետությունում 83 ծառի ապօրինի հատման քրգործը
ԻրավունքՏավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Տավուշի մարզի դատախազը հանձնարարել է ոստիկանությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 4 մլն 170 հազար ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14 մլն 310 հազար ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: