Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ կռվի, ապա վերջին իրադարձությունները առիթ կհանդիսանային կռիվը վերսկսելու համար. Կոմանդոս
Armenia«Ադրբեջանը այսօր վարում է տեղեկատվական լուրջ պատերազմ, ԶԼՄ-ները պետական մակարդակով կատարում են իշխանության հայատյացության և միակողմանի լուսաբանման պատվերը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Կոմանդոսի կարծիքով, տեղեկատվական պատերազմը կարող է որոշակիորեն ազդել հայ հասարակության վրա` թշնամու իրական հնարավորությունը գերագնահատելու տեսքով:
Նա նշեց, որ ռազմագիտության մեջ կան փորձագիտական հետազոտություններ, որոնք փաստում են. տվյալ երկիրը կհաղթի պատերզամում, եթե խաղաղ պայմաններում կարողանում է ապահովել երեք բաղադրիչների միասնությունը: Առաջին բաղադրիչը վերաբերում է հասարակության կռվին պատրաստ լինելու տրամադրության առկայությանը, մյուսը բաղադրիչը մարտունակ բանակն ու հրամանատարությունն է, իսկ վերջինը` գիտակից ղեկավարությունը:
Ունենալով այդ երեք միասնական բաղադրիչ` երկիրը կարող է հաղթանակած դուրս գալ պատերազմից: Ադրբեջանը կարողանում է այսօր արհեստականորեն բարձրացնել ազգաբնակչության ազգային գիտակցության մակարդակը, սակայն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մեծ տոկոս լինելու փաստը դժվարեցնում է հասարակության վրա փոխազդելու հնարավորությունները, սակայն ադրբեջանական իշխանությունները գտել են ելքը և հակահայ քարոզչություն են տանում միասնական թշնամու գաղափարի շուրջ հասարակությանը միավորելու համար:
«Անկախ հանգամանքներից` վերջին երկու օրերին մենք արժանի հակահարված են տվել ադրբեջանցիներին, իսկ եթե նրանք պատրաստ լինեին պատերազմին վերջին իրադարձությունները առիթ կհանդիսանային պատերազմը վերսկսելու համար: Նման կարծիքի եմ ոչ միայն ես, այլ միջազգային տարբեր ռազմական փորձագետները»,- հայտարարեց բանախոսը, միևնույն ժամանակ հղում անելով նույն փորձագետներին, հավաստիացրեց, որ Հայաստանի բանակը ողջ Կովկասում ամենամարտունակն է, իսկ պատերազմ վերսկսվելու պարագայում Հայաստանը հաղթանակած դուրս կգա` չնայած պատերազմում ավելի նորարար տեխնոլոգիաների օգտագործմանը ու երկուստեք մեծ կորուստների հնարավորությանը: