Ինքնամխիթարա՞նք, թե՞ ինքնախաբկանք
АналитическийՌուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման դեպքում ռուսական շուկան հայ արտահանողի համար ընդլայնվելու է։ Այս մասին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների դեպքում Հայաստանից ռուսական շուկա արտահանման ծավալները մեծանալու են։
Իրականում շատ դժվար է ասել, որն է ՀՀԿ խմբակցության ղեկավարի չհիմնավորված լավատեսության պատճառը, քանի որ իրականությունը և թվերը խոսում են այն մասին, որ ՌԴ դեմ դեռևս Օբամայի վարչակարգի կողմից սահմանված սանկցիաների արդյունքում տարիներ շարունակ դեպի ՌԴ արտահանման ծավալները միայն կրճատվել են: Օրինակ՝ Ռուսաստան ավանդաբար արտահանվող այնպիսի ապրանքների գծով, ինչպիսիք են օրինակ ծիրանը, դեղձը, մրգային հյութերը, գարեջուրը, բանջարեղենի որոշ տեսակները և այլ նմանատիպ ապրանքները, արտահանման ծավալները նկատելիորեն կրճատվել են: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատությամբ 36%-ով նվազել է ծիրանի, բալի և դեղձի արտահանումը, 23.6%-ով նվազել է պահածոյացված բանջարեղենների, 20%-ով՝ տարբեր դեղամիջոցների արտահանումը և այդպես շարունակ: Արտահանման նվազումը տարածվել է նաև խոշորագույն արդյունաբերական ապրանքատեսակների վրա. նախորդ տարվա համեմատությամբ 3%-ով նվազել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը և մոտ 2%-ով նվազել է պլաստմասե իրերի, կաուչուկի և ռետինե իրեր արտահանումը:
Եվրոպական միությունն առ այսօր շարունակում է լինել ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը. 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվել է ՀՀ ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է միայն 22.2%: Եվ փոխարենը Հայաստանի իշխանությունները դադարի իրականությանը նայել վարդագույն ակնոցներով, փորձի դիվերսիֆիկացնել արտահանման շուկան, նոր առևտրային գործընկերներ ձեռք բերել՝ դեռ մի բան էլ փորձում են ռուսական սանկցիաների մեջ դրական երանգներ, Հայաստանի համար շահեկան կողմեր գտնել և դրանք հրամցնել հասարակությանը: ԵԱՏՄ ու ՌԴ տնտեսական շահերը շարունակում են առաջնահերթություն մնալ Հայաստանի իշխանությունների համար, հակառակ դեպքում մենք ականատես կլինեինք ոչ թե չհիմնավորված լավատեսությանը և ինքնխաբկանքին, այլ գործուն քայլերի, որոնք կբխեին երկրի տնտեսության, Հայաստանի շարքային քաղաքացու շահերից: