Մի՛ աշխատիր, գնա սովորիր
AnalyticalՀայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, եւ կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետն էլ բացատրում է` 9-ամյա կրթության վկայականով աշխատանք գտնելն այսօր դժվար է: Վարորդ աշխատելու համար էլ 12-ամյա կրթության վկայական են պահանջում: Նման անցումը պահանջում է լուրջ նախապատրաստվածություն:
Այն երեխաները, որոնք 9-րդ դասարանից թողնում են դպրոցը, հիմնականում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են: Սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները շատ հաճախ իրենք չեն թողնում, որ երեխան դպրոց հաճախի, որովհետև պետք է փոքր քրոջը, հիվանդ մորը պահի, անասուններին արածացնի և այլն: Մենք այս ընտանիքներին աջակցելո՞ւ ենք: Երեխան աշխատում է, որ սոցիալական խնդիր լուծի, պետությունն ասում է՝ մի՛ աշխատիր, գնա սովորիր: Բացի այդ՝ 12 տարով կրթության պարտադիր դարձնելը խնդիր է հարուցում հատկապես գյուղական համայնքներում ապրող երեխաների համար: Գյուղում ապրող երեխան, տրանսպորտի բացակայության պայմաններում, ինչպե՞ս պետք է մարզկենտրոն գնա՝ ավագ դպրոցում կամ արհեստակցական քոլեջում սովորելու համար: Մյուս խնդիրն այն է, որ այսօր մենք դպրոցներում, ցավոք սրտի, ունենք երեխաներ, ովքեր 9 տարի սովորել են, բայց անգրագետ են, ուղղակի ֆիզիկական ներկայություն են ապահովել: Հիմա, եթե այս երեխան 9 տարի արդեն ձախողել է, ո՞րն է երաշխիքը, որ վերջին երեք տարում նա սկսելու է սովորել: Դիտարկելով ֆինանսական փաստաթղթերը, ակնհայտ է դառնում, որ ոչ մի լրացուցիչ ներդրում չի արվելու այս ծրագրի համար: Մինչդեռ ծրագիրն ինքնին՝ շատ թանկ է: Օրինակ՝ մենք լրացուցիչ գումար պետք է տայինք դպրոցներին, որ այս երեխաների հետ լրացուցիչ աշխատեն: Աշխարհի շատ երկրներ լրացուցիչ ֆինանսավորում են տալիս երեխաների հետ անհատապես աշխատելու համար: Մեծ ռիսկ կա, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կգրանցվեն դպրոցներում, բայց կշարունակել աշխատել, որովհետև իրենք հացի խնդիր են լուծում: Կառավարությունը ինչպե՞ս է պարտադրելու նրան: Սա դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց. կրկին կխեղճացնեն քաղաքացուն, որը Հայաստանից դուրս գալու եւս մեկ պատրվակ կունենա:
Ստելլա Խաչատրյան