Կուբինկայում բացվել է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովը
WorldՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը եւ Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը միասին խորհրդանշական կոճակի սեղմամբ բացել են «Բանակ-2017» երրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որը մինչւ օգոստոսի 27-ը կշարունակվի «Պատրիոտ» զբոսայգում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ևս օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և մասնակցում է «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
«Համաժողովին մասնակցելու համար իրենց պատվիրակություններն են ուղարկել հարյուրից ավելի պետություններ, որոնցից քսանը գլխավորում են պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Եվս 15 պատվիրակություններ գլխավորում են գլխավոր շտաբների պետերը եւ պաշտպանության փոխնախարարներ: Ընդամենը համաժողովի աշխատանքին կմասնակցեն օտարերկրյա ռազմական գերատեսչությոնների 300-ից ավելի ներկայացուցիչներ»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Այս տարի համաժողովի կազմակերպիչներն զգալիորեն մեծացրել են ստատիկ ցուցադրանքների, օդում, գետնի վրա եւ ջրում ռազմական տեխնիկայի հնարավորությունների դինամիկ ցուցադրման մասշտաբները, ինչպես նաեւ գիտագործնական ծրագրի միջոցառումների թվաքանակը: 1,2 հազար ձեռնարկությունների ցուցահանդեսային տաղավարներում կներկայացվեն պաշտպանության եւ անվտանգության ոլորտի 18,5 հազարից ավելի մշակումներ եւ տեխնոլոգիաներ:
Համաժողովին մասնակցում են 78 օտարերկրյա պաշտպանական ձեռնարկություններ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Պակիստանից, Սլովակիայից, Թաիլանդից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Չեխիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կորեայի Հանրապետությունից: Ազգային ցուցադրանքներ կներկայացնեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Սլովակիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: