Հայաստանը հանում են աճուրդի
AnalyticalՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Հավանաբար՝ գործադիրը խուսափել է աղմուկ բարձրանալուց։ Նշենք, որ շենքը աճուրդի է հանվել 28 միլիոն դոլարով կամ մեկ քառակուսի մետրը 3,5 հազար դոլարով: Ինչ վերաբերում է շենքի մյուս հատվածին՝ կամ հայտնի Արհմիությունների տանը, ապա պարզվում է՝ պատմական հուշարձանի այդ մասն էլ տարիներ առաջ մասնավոր ընկերություններին է վաճառել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։ Դեռ դեկտեմբերին այս շենքը վաճառքի հանելու որոշման նախագիծը ներկայացված էր կառավարությանը։ Դեռ պարզ չէ, թե ով կլինի գնորդը, սակայն լուրեր են շրջանառվում, որ այստեղ հերթական հյուրանոցն է վեր խոյանալու։
Ո՛չ պետգույքի մասնավորեցման ծրագրի հաստատման ժամանակ, ո՛չ էլ աճուրդի դնելու որոշումների ժամանակ որևէ բառ չի ասվել, թե ինչ խնդիր է լուծվելու գույքի վաճառքից գոյացած գումարներով: Կառավարության համար փողի խնդիրը շատ լուրջ է՝ պետական պարտքի մարման ժամանակացույցն այս տարվանից սկսած՝ ահռելի մեծ ճնշում է գործադրում բյուջեի վրա: Իշխանությունը զուգահեռաբար ակտիվորեն աշխատում է նոր վարկեր ներգրավելու ուղղությամբ, սակայն այստեղ էլ կարծես թե լուրջ հաջողություններ չկան: Բավականին տխուր և անհույս վիճակում ենք հայտնվել՝ հենց մեր իսկ սխալ տնտեսական քաղաքականության պատճառով, և այսօր մեզ կարծես թե աղքատի հոգեբանությամբ միայն մի բան է մնացել՝ վաճառել վերջին ունեցվածքը, կամ նոր պարտքեր անել: Իսկ թե ի՞նչ է սպասվում Հայաստան պետությանը, երբ այլևս բաճառքի ենթակա շենք-շինություններ, ՀԷԿ-ր, գետեր և լճեր չմնան՝ դժվար է ասել: Աստված մի արասցե՝ միջազգային գործընկերներն էլ ճիշտ գնահատեն մեր տնտեսության վիճակը և հրաժարվեն վարկեր տրամադրելուց: Հետո՞ ինչ ենք անելու: Այդ մասին որևէ մեկը մտածե՞լ է, թե՞ ջայլամի քաղաքականությունը հայրենի իշխանությունների համար դարձել է հարազատ և հարմար:
Ստելլա Խաչատրյան