«Ժամանակ». Վարչապետն «ընդունեց»՝ ձախողվել է և չի հասկացել խնդիրը
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը գործնականում կամ չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագրական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությանը պետք է ներկայանար բոլորովին այլ մեսիջներով և հաշվետվությամբ:
Այլապես, ներկայացվող վիճակագրությունը, որից հասարակությունը նույնիսկ չնչին մասը, ըստ էության, չի կարողացել շոշափելի արդյունք ստանալ մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբունքորեն չի բարելավվում, երբ հիվանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սակայն բժիշկները նրան փորձում են ինչ-որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է, և հիվանդն առողջանում է սպասվածից էլ ավելի լավ:
Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հաղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում՝ խնդիրն ամենևին վիճակագրության հավաստիությունը չէ, և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը:
Խնդիրն այն է, որ այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության՝ որևէ խորքային կապ չունի այն իրականության հետ, որում գտնվում են հասարակությունն ու պետությունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դիտարկել միայն վարչապետին, մեղմ ասած՝ անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցություն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»:
Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անկասկած խելացի մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: